Design a site like this with WordPress.com
Get started

Կարդում ենք Չարենց

1921 — ՈՒԹՆՅԱԿՆԵՐ ԱՐԵՎԻՆ

Նետե՜լ է երկաթե մի ձեռք
Դեպի վեր ոսկի մի ծնծղա1.
Բռնկվել է ոսկի ծնծղան,
Դարձել է արնածոր մի վերք։
Վառվել է երկնքում հակինթ
Ու ծորում է արյունը յուր կեզ,—
Զոհվե՜լ է երկնքում վճիտ.—
Ինչքան լա՜վ է հատնումը հրկեզ.

Ինչ որ լավ է՝ վառվում է ու վառում,
Ինչ որ լավ է՝ միշտ վառ կմնա.
Այս արև, այս վառ աշխարհում
Քանի կաս՝ վառվի՛ր ու գնա՛։
Մոխրացի՛ր արևի հրում,
Արևից թող ոչինչ չմնա, —
Այս արև, այս վառ աշխարհում
Քանի կաս՝ վառվի՛ր ու գնա՛։

Տեսնում եմ՝ արևի վրա
Վրնջում են ձիեր ոսկենալ,
Մերկացել են աղջիկները խելառ,
Ու ծծում են շրթերը նրա։

Բորբոքվել են շրթերը շոգ,
Համբուրում, բուրում են կեզ,
Վախենում են — մնան անշող.—
— Ախ, այնպե՛ս ուզում եմ — քեզ։

Բորբ մի աղջիկ զարկեց ձեռքով իր բոց կոնքին
Ու վերևից խնդաց զվարթ ու ոսկեձայն.—
Հազար վարդեր կրակվեցին շուրջը, կողքին,
Հազար խաշխաշ1, ու գարնան օր, ու ծիածան։
Քաղցր ծփաց հեշտանք ու տապ, թույն ու գրգիռ
Դաշտերը խաս ծաղիկներով ծփծփացին.—
Աշխարհը — ալ, նարնջագույն, վառքը — կարմիր,
Ողջը — հրա՜շք ու խնդությո՜ւն արեգնածին…

Lurer.com | Մարտիրոս Սարյանը Չարենցի մասին

Եղիշե Աբգարի Սողոմոնյան ծնվել է մարտի 13 (25) 1897 թվականին Կարսի մարզում և վախճանվել է նոյեմբերի 27, 1937 Երևանում։ Եղիշե Չարենցը Գուրգեն Մահարուն պատմել է, թե Կարս էր եկել Չարենց ազգանունով մի բժիշկ, որի ցուցատախտակի «Չարենց» մակագրությունն էլ վերցրել է։ Պատանեկան տարիների մտերիմները այլ բացատրություններ էլ են տալիս։ Ըստ Կարինե Քոթանջյանի՝ բանաստեղծը Չարենց է մկրտվել, որովհետև մանկուց եղել է չար երեխա։ Նրան այնքան են չար ասել, որ Չարենց էլ մնացել է։ Իսկ Անուշավան Ջիդեջյանը (Վիվան) բանաստեղծի կողմից վկայել է, որ Չարենց անունն առաջացել է Ալեքսանդր Պուշկինի «Անչար» ոտանավորի հնչյունական տեղաշարժերի արդյունքում, անչարը ծառատեսակ է, որ աճում է անապատում, և որի արմատները թույն են արտադրում։ 1921 թվականից «Չարենց» գրական անունը նրա համար դառնում է նաև քաղաքացիական ազգանուն։ «Չարենց» անվան ընտրությանը բանաստեղծն ավելի ուշ տվել է տրամաբանական այսպիսի բացատրություն. «Աշխարհում բարու դիմակի տակ շատ հաճախ չարն է թաքնված, ես էլ իմ հոգու բարի բովանդակությանը, այսպես ասած, չար անուն եմ տվել»։

1931 թվականի սեպտեմբերի 29-ին Չարենցը պաշտոնապես գրանցում է ամուսնությունը Իզաբելլա Կոդաբաշյանի հետ։ Իզաբելլան Չարենցին պարգևում է երկու դուստր՝ Արփենիկը և Անահիտը։ 1932 թվականին ծնվում է Արփենիկը, 1935 թվականին՝ Անահիտը: Արփենիկին ասել է Բոժիկ՝ փոքրիկ աստվածուհի, իսկ Անահիտին՝ Ադոկ՝ ասորափռյուգիական մեռնող ու հարություն առնող Ադոնիս աստծո անունով։

1912 թվականին Թիֆլիսի «Պատանի» ալմանախում Եղիշե Սողոմոնյան ստորագրությամբ տպագրվում է «Ծաղիկները հեզ թեքվում են քամու օրորի տակին» տողով սկսվող բանաստեղծությունը, իսկ 1914 թվականին արդեն «Եղիշե Չարենց» ստորագրությամբ լույս է տեսնում 17-ամյա պատանու «Երեք երգ տխրադալուկ աղջկան» գրքույկը՝ նվիրված Աստղիկ Ղոնդախչյանին. այն ընդգրկում էր մեկը մյուսին շարունակող երեք բանաստեղծություն։ Հաջորդ տարի՝ 1915 թվականին, լույս է տեսնում «Կապուտաչյա հայրենիք» պոեմը։ 1916 թվականին Թիֆլիսում լույս է տեսնում «Դանթեական առասպել» պոեմը։ Այդ օրերին էլ մեկնում է Մոսկվա՝ ուսումը շարունակելու Շանյավսկու համալսարանում, և մնում է այնտեղ մինչև 1917 թվականի գարունը։ 1918-1920 թվականներին գրում է «Սոմա», «Ամբոխները խելագարված» պոեմները և «Ողջակիզվող կրակ» շարքը։ 1920-1921 թվականներին Չարենցը գրում է «Նաիրի երկրից», «Դեպի ապագան», «Բրոնզե թևերը կարմիր գալիքի» ռադիոպոեմները։ 1922-1924 թվականներին Չարենցի նոր որոնումների շրջանն է. ստեղծվում են «Պոեզոզուռնա», «Կոմալմանախ» ժողովածուները, «Ռոմանս անսեր» պոեմը, «Ասպետական» ռապսոդիան, «Կապկազ թամաշան»։ 1915 թվականին նա զինվորագրվում է Քանաքեռում կազմավորվող հայկական կամավորական խմբերին և որպես սանիտար, նաև որպես կռվող զինվոր՝ հասնում է մինչև Վան։ 1930-ականներին Չարենցին Հայաստանի գրողները խորհուրդ են տալիս մեկնել Հայաստանից դեպի Ռուսաստան, քանի որ կանխազգում էին, որ հնարավոր է՝ բանաստեղծը ստալինյան ռեպրեսիաների զոհը դառնա։ Խաչիկ Դաշտենցին Չարենցն ասել է, որ չի կարող մեկնել Հայաստանից, քանի որ իրեն Հայաստանից դուրս չի պատկերացնում։

2 thoughts on “Կարդում ենք Չարենց

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

%d bloggers like this: